пятница, 30 июня 2017 г.

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Շուրջ վեցհազարամյա պատնություն ունեցող հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և ազգային ինքնատիպությունը, որոնք, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված են տեղական շինանյութերի գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով: Այն ոչ միայն կրել է հարևան քաղաքակրթությունների ազդեցությունը, այլ ունեցել նաև իր ներդրումը` համաշխարհային, մասնավորապես` եվրոպական ճարտարապետության զարգացման մեջ: Հայ վարպետները միշտ քայլել են ճարտարապետության համաշխարհային մշակույթին համընթաց, եղել նրա առաջավոր ջոկատներում՝ հանդես գալով յուրօրինակ, քարի համար բնորոշ ստեղծագործություններով, Արևմուտքից և Արևելքից ընդունել են լավագույնը, առաջադիմականը, և, վերաիմաստավորել այն` համաձայն նոր հողին, նոր մտածողությանը, միաժամանակ` տալով սեփականը:
Հայկական ճարտարապետության զարգացումը ընթանում էր պատմական մի քանի փուլերով` հնագույն (մ.թ.ա IV-I հազարամյակներ), հին (մ. թ. ա. VI – մ.թ. III դարեր), վաղմիջնադարյան (IV–VII դարեր), զարգացած միջնադարյան (IX — XIV դարեր), ուշմիջնադարյան (XVII–XVIII դարեր), նոր ( (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) և նորագույն (1918 թվականից):
Հայկական լեռնաշխարհում ճարտարապետության պատմությունը սկսվում է նոր քարի դարից, երբ հնադարյան մարդը, դուրս գալով քառայրերից` սկսել է կառուցել արհեստական կացարաններ: «Նեոլիթյան հեղափոխության» ժամանակաշրջանում հայտնագործվել են կավաշաղախի կապակցող հատկությունները և ստեղծվել է առաջին արհեստական շինանյութը՝ հում աղյուսը, իսկ քարայրը, որպես հիմնական կացարան իր տեղը զիջել է բացօթյա բնակարաններին։
Ճարտարապետության զարգացումը մեծապես պայմանավորվել է քաղաքների զարգացմամբ: Քրիստենեության ընդունումով ճարտարապետությունը մեծապես կապվեց նաև հոգևոր կյանքի հետ: Ի հայտ է գալիս հայկական ճարտարապետությանը հատուկ խաչաձև — կենտրոնագմբեթ եկեղեցիների տեսակը: IV — V դարերում հայտնաբերած կառուցման նոր եղանակը, բարձրացնելով շարվածքի ամրությունը և այն օժտելով հակասեյսմիկ հատկանիշներով՝ հիմք է հանդիսացել թաղային և գմբեթային համակարգերի զարգացման համար, ընդարձակել ճարտարապետության ձևաստեղծման հնարավորությունները՝ համապատասխանաբար վերափոխելով և հարստացնելով կառույցների ծավալատարածական հորինվածքները։
Բազմաթիվ են հայկական ճարտարապետության կառույցներ նաև գաղթավայրերում, որտեղ հիմնականում կառուցվել են եկեղեցական շենքեր` կից շինություններով: Մեծածամասամբ` դրանք կրկնօրինակում են Հայաստանում գտնվող նախորդ դարերի հայտնի եկեղեցիների ոճերը: Ավելին...

Комментариев нет:

Отправить комментарий